Ալբերտ Վարդանյան. ԱՐՁԱՆ

Արձանը չի կարող դրվել ուր պատահի: Կան տեղեր, ուր իրեն հայտնում է աստվածությունը, եւ տեղեր, ուր նրանք վաղուց լքել են կամ երբեք չեն լինում: Կան նաեւ տեղեր, ուր սպասում են աստվածների ուշացող հայտնությանը: Կան սրբազան տեղեր եւ պարզապես տարածություն: Արձանի իսկական տեղը աստվածների հայտնության տեղն է՝տաճարը: Այդպիսի տեղեր, կարծես թե, այլեւս չկան: Այժմ արձանը հավելված է ճարտարապետական շինությանը, հասարակական-հասարակ տեղին կամ բնակարանի կահավորանքին: Քաղաքական տեղատվությունը, բնակարանի տիրոջ կամ կահավորանքի փոփոխությունը հավելվածը դարձնում են ավելորդ եւ հաճախ նետվում մի կողմ: Ոչինչ անհրաժեշտ արժեքավոր չէ, քանզի պատմությունը արժեք չունի: Դիպվածով արժեքավորը, ասենք՝ արձանիկը, հերթական իր է հավաքածուի մեջ.նա տեղ չունի, այլ իր հերթական համարը:

     Երբ դրվելու տեղ չկա, տեղի ունի անկումը: Պատվանդանները ընկնում են: Այն քանդակագործը, որը զգում է այդ անկումը, քանդակը ստեղծելիս «հավաքում էե քանդակի «փեշերըե, պատվանդանի հետ հպումը դարձնում է մինիմալ. Արջանը կամ արձանիկը կարծես թե կախվում են օդում: Այն ինչին պետք է հպվի քանդակը՝ հիմքը, սրբազան, առանձնահատուկ տեղ է: Քանդակը ձգտում է վեր, կտրվում հասարակեցված տեղի տաղտուկից: Գյումրեցի արվեստագետ Ալբերտ Վարդանյանի քանդակներ ունի, որոնք կառուցվում են ուղղահայաց կամ ուղղաթեք առանցքի շուրջը: Քանդակագործը կարծես մերժում է, հրաժարվում է նրանց հենել նյութական հիմքին:

     Դա նշանակում է, որ ընտրված է դյուրաբեկ, փոփոխական եւ անցողիկ հիմնանյութ: Հարցը միայն արժեքների անկումը չէ: Գյումրիում տաճարները ավիրված են ոչ միայն փոխաբերական իմաստով. Բնությունը ավարտել է մարդու արածը: Արվեստագետին տրված է ավարտելու , զանցելու բնության անավարտությունը,մատնանշելով հնարավոր կամ անհնարին կատարելիությունը: Դժվար է աշխատել աննկատ ու անտեսանելի իդեալի համար, դժվար է աշխատել միայնակ: Այդ է պատճառը, որ արվեստագետների մեծ մասը ձգտում է աշխատել մեծ քաղաքներում, եթե քո նմանի ներկայությունը չի օգնում՝գեթ սփոփում է:

     Ալբերտ Վարդանյանը ապրում եւ ստեղծագործում է Գյումրիում: Մեծ քաղաքներում, իհարկե, արվեստը ավոլի շատ է եւ ավելի շատ է հարգված: Բայց այդ հետաքրքրության մեջ ունայնությունը եւս շատ է: Հայեցողական, ինքնամփոփ անհատի համար գավառը եւս իր լավ կողմերն ունի: Իսկ Գյումրին 1988թ. երկրաշարժից հետո ավելի խեղճ ու ավելի գավառական է դարձել, էլ ավելի հեռացել մեծ աշխարհ տանող ճանապարհներից: Բայց եթե հարցը մեծ աշխարհը չէ, ապա դուք կարող եք ձեզ թույլ տալ այլ ուղիներ փնտրելու շքեղությունը:Նրա աշխատանքներում դժվար չէ նկատել մի ընդհանուր մոտիվ, մի ընդհանուր հայտարար՝ հմայքը եւ կախարդանքը, որ պետք չէ շփոթել հրաշքի հետ: Հրաշքին հույսով սպասում են, հրաշքին հավատում են: Հմայքի ու թովչանքի էությունը մարմնական եւ հոգեկան սերն է: Հմայված եք, կախարդված եք, ուրեմն՝ սիրում եք:

     Եթե կուզեք, տոտեմը այդպիսի կախարդական թալիսման է եւ տոտեմի թեմայի հայտնվելը պատահական չէ: Կախարդանքը բնության եւ մարդկային հարաբերությունների ուժերը կառավարելու ֆանտազիան է: Կախարդանքը կյանքի է կոչում բնական երեւույթի կամ մարդկային էակի համակրանքի ուժերը: Դրանք պահպանիչ ուժեր են:

      Ուժերի այդ խաղում ես տեսնում եմ արվեստագետի այդ կիրքը: Այդ կիրքը հատկապես արտահայտիչ է գծանկարներում: Նրա համար գծանկարի մեջ ծածկագրված է ավարտուն քանդակ: Այդ ծածկագրված նկարներում զգում ես նրա ստեղծագործական սկզբունքների, ստեղծագործական գաղտնիքի առկայությունն, այն ինչ ամենահետաքրքիրն է արվեստագետի մեջ: Դա մտահղացման գերակայություն է իրական ներկայությանը:

     Հմայքի եւ կախարդանքի մոտիվը նրա գործերում հատկապես սկսում են շեշտել 90-ականների կեսերից: Եթե համեմատենք 1992թ. արված իրանը եւ 1996թ. իր ձեւով նրան նման իրանը, ապա կնկատենք բնութագրական տեղաշարժ: Եթե առաջինը անհարթ է, անհանգիստ, կտրուկ, շարժման սլաքը հորիզոնականին մոտիկ, ապա՝ երկրորդը հարթ է, երազկոտ, մեղմ, կորաձեւ, դեպի վեր մղված:

     Պայմանական առաջին շրջանի գործերում՝ «Յոթ վերքե, «Տեսիլքե եւ այլն, փակ են, բարուրված, վերը նշված հույսի ու հավատի, ուրեմն հրաշքի էսպրեսիվ սպասումներով, ապա հետագայում կտրուկ գիծը խաղաղվում է, ձեռք բերում կորագիծ, անհանգստությունը տեղը զիջում է քնքշանքին, ինչ որ տեղ դառնում ավելի սառը, իրադարձության խորքից տեղափոխվում մակերես: Հուզականը ձուլվում է բանականին, գծերը հստակվում են:

     Ներամփոփ, տրոփող, իրեն միայն կտրուկ ու սուր ճառահայթումով իրեն հայտնող ներքին կյանքը, որի ամենաբնութագրական օրինակը «Յոթ վերքն էե կամ «Կորսված եզերքըե կամ 1991թ. «Հրեշտակըե, որը վստահ է եւ անշարժ, նիզակը դինամիկ է ու խոցելուն պատրաստ: Քանդակի ծավալի մեջ խորասուզվելը համարժեք է նրա էության մեջ խորանալուն: Բայց նրա ասպետները սնամեջ են, որովհետեւ ասպետի տեղը դատարկ է: Հարկավոր է ոգու ներկայություն զբաղեցնելու այդ տեղը: Էությունը անիրական է, անհասանելի, ներկա չէ: Ալբերտի քանդակներում դժվար չէ նկատել սեռական արքետիպային ձեւերը, կան իգական եւ արական քանդակներ: Հավանաբար դա գալիս է քանդակը ստեղծելու բուն ընթացքից, որն անպայման ունի էրոտիկ երանգավորումներ: Ի սկզբանե հալված մետաղը լցվում է կաղապարի մեջ. Նմանապես եռացող զգացումները պրոյեկտվում են կոնկրետ անհատի կամ առարկայի վրա: Փնտրել քանդակի ձեւը, ասել է թե փնտրել էրոտիկի հնարավոր, սահմանային, ընդհանուր ձեւերը: Այն պետք է վեր լինի մարմնականի, սեռականի պատահական դրսեւորումներից, ի վերջո առանձին՝ առանձին սեռից, նրա այս կամ այն թեմաներից: Ալբերտ Վարդանյանի քանդակներում առկա է «իգականե սեռի, բոլորաձեւ արտահայտություններով, «արականե կտրուկ, ինքնամփոփ, երկնասլաց, եւ «չեզոքե սեռի տոտեմներ, զուտ ծավալային լուծումներ ունեցող, իգականը եւ արականը, երկինքը եւ երկիրը, լուրջը ու խաղը ներդաշնակեցնող մոգական թալիսմաններ: Այդ քանդակներում ոչ միայն զգացողականն է, դա միայն մասնավոր կողմն է, այլ ներառված են գոյաբանական իրավիճակի ամբողջությունը: Այսպիսի թեմատիկացումը ժանրային տրոհումներ է բերում, ուր արվեստին հնարավորություններ է տալիս վերածելու զգացական ու գոյաբանական իրադրությունները լեզվի: Այդ լեզվի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հաղորդակցվելու արվեստագետ հոգեւոր աշխարհի հետ: Ահա թե ինչու նրա քանդակները ոչ թե կանանց իրանների, կանացի մարմնի քանդակներ են, այլ «իգական քանդակներե են:

      Ալբերտի «իգական ծավալիե լեզուն խաղային է, երբեմն թեթեւամիտ, սահող եւ հեգնական,բարի ժպիտ հարուցող: Նրանք յուրովի գայթակղիչ են, բայց այդ գայթակղության մեջ խաբեբայություն չկա. Դա նաիվ ֆլիրտ է: Խաբկանքի ամենանուրբ եղանակները անկարող են ստեղծել ազատ քանդակի ինքնաճանաչման պատրանքը:

      Այդ արձանիկները, «իգականե, թե «արականե, թե «չեզոքե սեռի օժտված են ներքին գունագեղությամբ, ռիթմիկ մակերեսով, միահյուսում են իրականը եւ պոետիկը: Դրանք գաղափարի արտահայտման տարբերակներ են, որը մնում է անհասանելի, դեռեւս վերջնականորեն չարտահայտված: Իսկ դա նշանակում է, որ տեղ է թողնված նոր մտահղացումների համար. ուրեմն տեղ կա նաեւ նոր քանդակների համար:

Վարդան Ջալոյան