Արարատ Սարգսյան. Արքետիպերը Բաղդասարի խնջույքին Գրի խնդիրը մշակույթում առանցքային է, եւ այժմ արդեն հայտնվել է արդի արվետի ուշադրության կենտրոնում: Գիրը կապված լինելով խոսքի հետ, թվում է հակադիր այն ամենին ինչ տեսողական է, ուրեմն՝ անհամատեղելի վիզուալ արվեստների, այդ թվում նկարչության հետ: Նկարչությունը հիմնված է տեսողության վրա, բայց իր հետ բերում է նաեւ այն, ինչ անվանում են «ներքինե տեսողություն, հետեւաբար առնչվում է նաեւ գիտակցության հետ: Արարատի արվեստի , այդ թվում նրա գեղանկարչության դեպքում գործ ունենք գիտակցության մեջ մշակութային ժառանգության բեկվելու օրենքներին, մոռացության եւ հիշողության սահմանի փորձարկման հետ: Գրերի խնդրին դիմելը նրա գեղանկարչական որոնումների օրգանական շարունակությունն է, Արարատի Բարոկկոյի դարաշրջանի ժանրային նկարչության հանդեպ ունեցած հատուկ հետաքրքրության արդյունք: Նկատենք, որ Բարոկկոյից է սկսվում ունիվերսալ լեզվի եւ քերականության որոնումները: Այդ ժանրային նկարչությունը արքետիպային ունիվերսալ է կրկնակի իմաստով, ե՜ւ որպես բնության օրենքներին ենթական, ե՜ւ որպես դասական, այսինքն՝ որպես ծնող սկիզբ եւ օրինակ: Արարատ Սարգսյանը դրանք վերարտադրում է նրբորեն եւ յուրովի, այնպես որ պատկերը, գիծը, գույնը գտնվում են ընկալման, ընթեռնելության հնարավոր սահմանագծին, կարծես աղոտացող հիշողության մեջ: Բանասիրությանը հայտնի է «պոլիմպսեստե հասկացությունը, երբ մագաղաթի վրա գրված հին տեքստը ջնջվում է եւ վրայից գրվում է նոր տեքստը: Արարատի գեղանկարչությունը այդպիսի մշակութային պոլիմպսեստ է. Որի սպիտակ էջը գիտակցությունն է, եւ տարօրինակ չի լինի ասել, որ նրա նկարները նկարված չեն, այլ ջնջված: Դա նկարչի միտվածությունն է ի հայտ բերել տեսողություն-գիտակցության զուտ, մաքուր վիճակները: Խորհրդանշական է, որ նրա բազմաթիվ գեղանկարներում առկա է այնպիսի գիր, ուր տառերն արդեն անընթեռնելի են եւ վերածվել են տձեւ կետերի: Ջնջելիս ջնջվում անհետանւմ են տարբերությունները եւ տարբերակները եւ թվում է հնարավոր է վերջնական անհետացման, թափանցիկ դառնալուց մի պահ առաջ կարելի է որսալ ժանրային տարբերակների հնաընդհանուր՝ ունիվերսալ եւ արքետիպային հիմքը:Այստեղից անակնկալ հետեւություն. արքետիպները նախասկիզբ չեն, այլ գուցե ընդհակառակը՝ձեւեր, որոնք ստացվում են բնօրինակները հետքի վերածվելու, ժանրային տարբերակները միասնականացվելու ու կարծրատիպերի վերածվելու շնորհիվ: Սովորաբար համարում են, որ գիրը գիրը առաջացել է ստանդարտացված պատկերից, որը պատմական զարգացման հետեւանքով ՝հետագայում էլ ավելի վերացական տեսք է ստանում, այնպես որ այլեւս չի ընկալվում, մոռացվում է տառաձեւի հիմքում ընկած պատկեր-նկարը: Սա գեղանկարչությանը գրության հետ կապող անտեսանելի կամուրջ է: Գրությունը լինելով անտեսանելի, անգիտակցական նկար, հայտնվում է այն աշխարհից, որ դարձել է անդրաշխարհ, որ Աստված է, կամ Պլատոնի գաղափարները, ով ինչպես կամենում է: կամ ունիվերսալ եւ միասնական մարդկությունը ապագայից, ավելի ճիշտ՝ ուտոպիայից/ եւս մեկ գաղափար Բարոկկոյից/: Երբ պատմում են Բաբելոնյան աշտարակաշինության մասին, հիշում են լեզուների խառնակումը եւ մարդկանց իրար չհասկանալը, բայց մոռանում են, որ մարդկանց անհասկանալի դարձավ նաեւ Աստծո լեզուն, որի վերծանման շնորհը մնաց մարգարեներին, գուցե, նաեւ՝ պոետներին եւ արվեստագետներին: Գիրը ավետաբեր է անտեսանելի ու անհասկանալի աշխարհից, ինչպես դա պատահեց Բաբելոնի Բաղդասար արքայի խնջույքում: Բազմաթիվ մեզ անծանոթ այբուբեններ, գրի տեսակներ մեր առաջ հառնում են ինչպես Բաղդասար արքայի առաջ «Մանե, Թեկեղ, Փարսինե մակագրությունը: Անըմբռնելի բառեր, որոնց վերծանելու շնորհը տրվեց միայն Դանիել մարգարեին: Ըստ Շլեգելի մարդու կոչումը ինքն իրեն ավերելն է կամ ավարտի գալը: Բայց մինչ այդ պետք է արժանի դառնա իր ավերումինառայժմնա դեռեւս արժանի չէ: Պոստմոդեռնը այս մինչ այդ-ը առկա առայժմն է: Այլ խոսքերով, դա մի դարաշրջան է, երբ միակ չափանիշը մարդու ինքնաոչնչացումն է: Դանիել մարգարեն ընթերցեց անհասկանալի գրերը Բաբելոնի կործանումից մի պահ առաջ: Հազարամյակների ընթացքում ստեղծված մշակույթի, այդ թվում գրի եւ գրելաձեւի բազմազանության ավերումից գուցե մի պահ առաջ, արժե կանգնել եւ փորձել վերծանել մեզ տրված «Մանե, Թեկեղ, Փարսինե-ը: Վարդան Ջալոյան |
||